Սա պատմություն է Կիրովականի այցեքարտը դարձած Մելոդիա երաժշտական խանութի մասին։

ԽՍՀՄ-ում իր ֆորմատով առաջինը և Կիրովականի երիտասարդության ամենասիրելի վայրը։

⤜ ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ՍՏԱԼԻՆԻ ՊՈՂՈՏԱՅԻ ՀԱՄԱՐ 24 ՏԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ⤛

Նախաձեռնություն, որը փոխեց քաղաքի կյանքը


Կիրովականի Ստալինի պողոտայի համար 24 տան (այսօրվա Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 8 հասցե) բնակիչները, որոնք ճնշող մեծամասնությամբ աշխատում էին Կիրովականի «Ավտոմատիկա» գործարանում, որոշում են կայացնում բարելավել իրենց կենցաղը՝ մաքրում ու կանաչապատում են շենքի բակը, կատարում են նորոգման աշխատանքներ՝ չմոռանալով երեխաների համար զբաղմունքի մի շարք հետաքրքրություններ ստեղծել:

Բացի շենքում նորոգման աշխատանքներ կատարելը, բարելավում են շենքի առաջին հարկի 3-4 սենյակից բաղկացած ակումբը, որը գործում էր տնային տնտեսուհիների համար ձեռագործի, կար ու ձևի խմբակների համար։ Հատուկ սենյակ էր հատկացված նաև ծերերին ու թոշակառուներին։ Ակումբում կար նաև խաղասենյակ ու ընթերցարան։ Ակումբում տան բնակիչները սիստեմատիկաբար տարբեր թեմաների շուրջ դասախոսություններ էին լսում։

Կիրովականցիների այս նախաձեռնությունը հավանության է արժանանում սովետական մարմինների կողմից և 1960 թվականին Հայաստանի արհեստակցական միությունների խորհուրդը պարտավորվում է աջակցել կիրովականցիների այս նախաձեռնության տարածմանը, որը մեծ արձագանք է ստանում և բացվում են նման նախաձեռնություններ այլ քաղաքներում։

Սակայն կարճ ժամանակ անց Կիրովականի Ստալինի պողոտայի համար 24 տունը վերածվում է երաժշտական գործիքների խանութ-սրահի։

Այսպիսով, Կիրովականի Ստալինի պողոտայի համար 24 տան բնակիչների նախաձեռնությունը դադարեցնում է գործունեությունը։

⤜ ՄԵԼՈԴԻԱՆ ԿԻՐՈՎԱԿԱՆՈՒՄ ⤛

Վայր, որտեղ վայելում էիր երաժշտության ամեն մի նոտան


Նախաձեռնության գործունեության դադարից հետո հենց այդ ակումբում բացվում է «Մելոդիա» խանութը, մոտավորապես 1975-1976 թվականներին։ Այս խանութում վաճառվում էին երաժշտական գործիքներ՝ ջութակ, մանդոլին, ակորդեոն ու փողային այլ գործիքներ և հարյուրավոր ձայնագրված սկավառակներ։ Խանութում հնչում էին սովետական, էստրադային և հայկական երաժշտություն, բայց եղել են նաև հազվադեպ վաճառվող արտասահմանյան երգ ու երաժշտություն, որոնք, իհարկե, «ներքին կարգով» կարող էիր ձեռք բերել։

Սակայն խանութի գրավչությունը ձայնասկավառակների կամ երաժշտական գործիքների վաճառքով չէր պայմանավորված, այլ՝ սրահի կենտրոնում մի քանի նվագարկիչներ էին դրված ականջակալներով, վերցնում էիր նախընտրածդ ձայնասկավառակը, տեղադրում էիր նվագարկչի վրա ու լսում, հետո գնում կամ էլ ուղղակի նստում ու վայելում։

Միշտ խանութ-սրահում բավականին հաճախորդներ կային, քանի որ տեխնիկան բավականին բարձրորակ էր և կիրովականցիները նախընտրում էին գնումներ կատարել հենց «Մելոդիա» խանութից, պատճառը՝ վաղ սովետական ժամանակաշրջանի նվագարկիչները վատ էին աշխատում՝ ձգում, կտրտում էին ձայնը։

«Մելոդիան» այն ժամանակի համար շատ առաջադեմ խանութ էր, բացի սկավառակներից, նվագարկիչներից, ականջակալներից և այլ ապարատուրաներից, տարբերվում էր իր գեղեցիկ դիզայնով։ Խանութ-սրահի ինտերիերը գրավիչ էր իր նորաձևությամբ՝ առաստաղը ասես սկավառակներով զարդարված լիներ, իսկ պատերին հարյուրավոր ձայնասկավառակներ ու երաժշտական գործիքներ և խանութի կարմիր, հարմարավետ սեղաններն ու աթոռները «ստիպում» էին նստել ու լսել երաժշտությունը։

1992-1993 թվականներին երկրում տիրող իրավիճակի պատճառով «Մելոդիա» խանութը դադարում է գործել: Սակայն երկուսից երեք տարի անց վերաբացվում է, բայց այս անգամ կիրովականցիներին ներկայանում է որպես «Մելոդիա» խանութ-սրճարան, որտեղ ըմբոշխնում էիր երաժշտությունը՝ մեկ գավաթ սուրճ ըմպելով ընկերներիդ հետ։ Բայց, ինչպես «Մելոդիա» խանութը, այնպես էլ սրճարանը երկար կյանք չի ունենում։ Ըստ շենքի բնակիչների, երբ տարածքը վաճառքի է դրվում, սեփականաշնորհվում և բաժանվում է երկու մասի՝ առաջինը վաճառվում է, իսկ մյուսը՝ վերածվում բիլիարդանոցի։

⤜ ՄԵԼՈԴԻԱՆ ՀՈՒՇԵՐՈՒՄ⤛

Մելոդիա խանութի մասին իրենց հիշողություններով են կիսվել կիրովականցիներ Սամվել Խալաթյանը, Ալիկ Սմբատյանը,
Հրաչ Մարուքյանը և Միքայել Աբրահամյանը։
Բոլորի հուշերում խորհրդային Վանաձորի այցեքարտերից Մելոդիան պահպանվել է որպես կիրովականցիների շփման վայր՝ նվագարկիչների հնչեղ ձայներով։
«Մելոդիան» Սամվել Խալաթյանի հուշերում

Հայ դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,

Վանաձորի պատվավոր քաղաքացի

Մելոդիայի մասին իր հիշողություններով է կիսվել Վանաձորի պատվավոր քաղաքացի Սամվել Խալաթյանը։ Ս․ Խալաթյանը հիշում է, որ «Մելոդիա» խանութը բացվել է այն ժամանակ, երբ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը այցելել է Կիրովական։

-Ամենավառ հիշողությունը, որը կապված «Մելոդիայի» հետ ո՞րն է։

-Կարեն Դեմիրճյանի ամեն այցի ժամանակ քաղաքում մի նոր հաստատություն էր բացվում և դրանց շարքում էր «Մելոդիա» խանութ-սրահը։ Այդ առիթով այնտեղ էին հրավիրել բժշկական ուսումնարանում սովորող աղջիկներին, ովքեր իրենց սպիտակ բժշկական խալաթները հագած, նախընտրած ձայնասկավառակը միացրած, ականջակալներով լսում էին երաժշտությունը։ Մինչ ուսանողները վայելում էին երաժշտությունը, այդ ընթացքում ներս է մտնում Կ․Դեմիրճյանը, ծանոթանում ձայնասկավառակների ահռելի քանակին և ընտրում է հարյուրավոր սկավառակներից մեկն ու լսում։


Խանութի նման «հեղինակությունը» ինչո՞վ էր պայմանավորված։


-Այն ժամանակներում հեռուստատեսությունը հիմնականում պրոպագանդիստական բովանդակությունն էր եթեր հեռարձակում՝ սովետական համակարգի թելադրանքով, և մարդիկ զուրկ էին մնում մշակութային բազմաոճ զարգացման հնարավորությունից, իսկ «Մելոդիա» խանութի բացվելը հնարավորություն տվեց քաղաքի ջահելությանն ու, առհասարակ, քաղաքացիներին լսելու այնպիսի երաժշտություն, ինչպիսին էր ջազը, արտասահմանյան փոփը, էստրադայինը, նաև՝ ազգայինը։


Ս․ Խալաթյանը հիշում է, որ ոչ միայն սկավառակներ էին վաճառում, որոնք ըստ ոճի դասավորված էին տարբեր ցուցափեղկերում, այլև՝ երաժշտական գործիքներ, որոնք, ինչպես հայտնի էր, «տակից» էին վաճառվում, քանի որ քիչ հանդիպող էին։


Հենց ինքը՝ Ս․ Խալաթյանը իր զարմիկի համար այդպես է կարողացել ձեռք բերել ակորդեոն։

«Մելոդիան» Ալիկ Սմբատյանի հուշերում

Հնչյունային ռեժիսոր

Ալիկ Սմբատյանը մեզ հետ իր անմոռանալի հուշերով կիսվելիս նշել է, որ "Մելոդիայի" շարունակական գործունեությունը կարող էր ապահովել քաղաքի մշակութային ճաշակի ձևավորմանն ու զարգացմանը։

- Ի՞նչ հիշողություններ է արթնացնում «Մելոդիան»։

- «Մելոդիայի» հետ արթնացած ցանկացած հիշողություն էլ սիրելի է ու մեկ անգամ պատմելիս չես կարողանում դուրս գալ հուշերի գրկից։ Կիրովականցիների սիրելի վայրն էր և գրեթե ամեն շաբաթ ընկերներիս հետ հավաքվում էինք, ընտրում էինք մեկ ձայնասկավառակ, պատվիրում էինք մեկ բաժակ սուրճ և վայելում։

-Կհիշե՞ք՝ ի՞նչ տեսակի ձայնասկավառակներ էին վաճառվում։

-Կարող էիր գտնել բազմաթիվ սկավառակներ, նույնիսկ արտասահմանյան, որն, իհարկե, արգելված էր սովետական երկրներում։
-Մելոդիան կիրովականցիների կյանքում ի՞նչ ազդեցություն է ունեցել։

- Շատ մեծ ազդեցություն է ունեցել քաղաքի մշակութային կյանքի վրա, որովհետև այնտեղ ձևավորվում էր ամենը՝ սկսած ճաշակից։

-Ինչո՞վ էր տարբերվում Մելոդիա սրճարանը, քաղաքում գործող այլ սրաճարաններից։

-Այս խանութն իր ֆորմատով առաջինն էր Հայաստանում և, ընդհանրապես, Կովկասում։ Երբ Կիրովական խորհրդային երկրներից արվեստագետներ էին ժամանում, ընկերներիս հետ նրանց հրավիրում էինք Մելոդիա, որովհետև կարծես խանութ-սրճարանն այդքան էլ սովետական չլիներ։ Մելոդիան արտերկրից եկած հյուրին իր շքեղ տեսքով զարմացնողն էր, ինչը միշտ հաջողվում էր։

«Մելոդիան» Հրաչ Մարուքյանի հուշերում

ՀՀ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության փորձագետ

-Ինչպիսի՞ վայր էր Մելոդիան կիրովականցիների համար։

- Շատերի համար Մելոդիա խանութը լավագույն հավաքատեղին էր, քանի որ հնարավորություն կար լսելու այլ երաժշտություն և սրահում դրված բարձրորակ նվարգակիչները հնարավորություն էին տալիս լսելու մեր նախընտրած երաժշտությունը։ Բացի այդ, Մելոդիա խանութը մի «կանգառ» էր՝ քաղաքն այն ժամանակ ձգվում էր Հրապարակից մինչև Քիմպրոմի պալատ (ներկայիս՝ Շառլ Ազնավուրի անվան պալատ), իսկ հիմա քաղաքը սահմանափակվել է Հանրախանութից մինչև Հայքի հրապարակ։

-Մելոդիան համարվում էր երիտասարդների սիրելի հավաքատեղին ինչո՞ւ։


-Այդ ժամանակ The Beatles խումբը ոճ ձևավորող էր և մենք էլ ցանկանում էինք ընդօրինակել նրանց ոճը։ Այդ տարիներին որքան էլ արգելված էր արտասահմանյան երգ, երաժշտությունը, կիրովականցիներս Մելոդիայից կարողանում էինք ճարել սկավառակները, դժվարությամբ, բայց կարողանում էինք։
«Մելոդիան» Միքայել Աբրահամյանի հուշերում

Թավջութակահար
Մելոդիայի մասին խոսում է թավջութակահար Միքայել Աբրահամյանը, ով պատմում է հետաքրքիր մանրամասներ Մելոդիայի մասին։
⤜ ՄԵԼՈԴԻԱՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ⤛

Տառեր, որոնք տանում են դեպի մեղեդի


Եթե հանկարծ մի օր լինես Վանաձոր քաղաքում և ցանկանաս գտնել Մելոդիան, դիմիր անցորդին՝ ճանապարհը օգնել ցույց տալու համար, վստահ եղիր, նա քեզ անպայման կօգնի՝ ոչ միայն կբացատրի․ «Հրապարակից ուղիղ գնա, երկու փողոց անցիր ու կտեսնես շենքը, վրեն էլ գրված՝ Մելոդիա», այլև չբացառես՝ հնարավոր է ուղեկցի, ճանապարհին էլ մեկ, երկու հետաքրքիր դեպքի մասին պատմի։

Մելոդիան վանաձորցիների համար հանդիպման, օրվա պլանավորման, ժամադրման և, ինչու չէ, երաժշտության նոտաների կանգառն է։

Մեր օրերում Մելոդիա խանութը հիշվում է ի շնորհիվ շենքի արտաքին պատին ամրացված «МЕЛОДИЯ» տառաշարքի։ Ինչպես նշվեց՝ խանութ-սրճարանը չի գործում և սեփականաշնորհվելուց հետո այստեղ տեղակայված են մասնավոր ընկերություններ։

Շատ հուշեր չկան արխիվում պահպանված, բայց հարցազրույցներից և զրույցներից պարզ է դառնում, որ այն իր ժամանակներում եղել է քաղաքի այցեքարտերից մեկը, չնայած՝ գործել է ընդամենը 18 տարի։

Պատմություններ կլինեն իհարկե, որոնք մենք դեռ չենք լսել Մելոդիա խանութ-սրճարանի մասին, սակայն վստահ ենք, որ ժամանակի ընթացքում այս աշխատարանը կլրացվի հետաքրքիր և ուշագրավ բացահայտումներով։


«Մելոդիա» երաժշտական խանութի մասին մուլտիմեդիա աշխատարանի ստեղծման գաղափարն առաջացել է ՀԿ Կենտրոնի «Վանաձոր ԻնֆոՏուն․ Վերաիմաստավորելով ծրագրի» շրջանակներում կազմակերպված «Կրեատիվությունը համայնքում» դասընթացի արդյունքում, որից հետո ձևավորվել է «Կրեատիվությունը համայնքում» նախաձեռնությունը։

Նկարում նախաձեռնության անդամների «կրեատիվ» գաղափարն է Մելոդիա շենքի տառաշարքի վերաբերյալ, որն ստեղծվել է թվային գործիքների միջոցով։ Աշխատարանի թիմը հույսով սպասում է, որ մի օր տառաշարքը կստանա այս տեսքը։

Աշխատարանն իրականացվել է ՀԿ Կենտրոնի և Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում, որի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Արբակ Սարգսյանին։

⤜ՄԵԼՈԴԻԱՅԻ ԿԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ⤛

Մարիետտա Պապյան, կին, ով նոր շունչ տվեց Կիրովականին


Նրա կյանքի և իրականացրած ճարտարապետական գործունեության մասին տեղեկությունները սակավ են, սակայն համացանցում տեղ գտած ինֆորմացիայից պարզ է դառնում, որ Մ․ Պապյանը ոչ միայն Կիրովական քաղաքում, այլև՝ խորհրդային Հայաստանի մի շարք քաղաքներում տասնյակ շենք, շինությունների ճարտարապետական աշխատանքների հեղինակ է։

Մարիետտա Պապյանը հանդիսանում է ոչ միայն Կիրովականի, այլև՝ Երևան քաղաքի Մելոդիա խանութ-սրահների ցանցի ճարտարապետական շինության հեղինակը։ Բացի Մելոդիա խանութից, Մ․ Պապյանը հանդիսացել է նաև Կիրովականի հայտնի խանութների ճարտարապետական աշխատանքների հեղինակ՝ «Детский мир» (հայ․ Մանկական աշխարհ), «Подарки» (հայ․ Նվերներ) և «Универсам» (հայ․ Սուպերմարկետ)։


Պապյան Մարիետտա

⤜ ՄԵԼՈԴԻԱ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԸ ⤛

Մի փոքր էլ արի պատմենք քեզ այն ձայնասկավառակների մասին, որոնք կարող է տանը մի խոնավ անկյունում դրել ես, չես օգտագործում, բայց հիշում ես ձայնասկավառակի վրա գրված «МЕЛОДИЯ» -ն։
1964 թվականի ապրիլին հիմնադրված «МЕЛОДИЯ» համամիութենական ձայնագրման ընկերությունը մենաշնորհատեր էր ձայնագրությունների ձայնագրման, արտադրության, պահպանման և տարածման գործում: 1980-ական թվականներին այն աշխարհի 6 ամենամեծ ձայնագրման լեյբլներից մեկն էր։ «Մելոդիան» կամ «Մեղեդին» միավորել է գրամոֆոնի ձայնասկավառակների արտադրության 8 գործարան ողջ ԽՍՀՄ-ում, մեծածախ առևտրի պահեստներ, «House of Gramophone Records» խանութներ և ձայնագրման ստուդիաներ Կիևում, Երևանում, Ալմա-Աթայում, Վիլնյուսում, Լենինգրադում, Մոսկվայում, Ռիգայում, Թալինում, Տաշքենդում և Թիֆլիսում. ռեկորդների շրջանառությունը սահմանվել է հատուկ հանձնաժողովի կողմից, սակայն հաճախ վերջում այն ​​գերազանցել է սկզբնական արժեքները։
Բրենդը ապահովում էր ճաշակի լայն տեսականի: Դատեք ինքներդ։

Ձայնասկավառակների շապիկների հակառակ կողմում կարելի էր գտնել հատուկ սանդղակ,
որում թիվ 1-ը նշանակում էր սիմֆոնիկ, օպերային և խմբերգային երաժշտություն,
2 - ռուսական ժողովրդական երաժշտություն,
3 - ԽՍՀՄ ժողովուրդների ստեղծագործությունը,
4 - պոեզիա, արձակ, դրամատուրգիա,
5 - մանկական ձայնագրություններ,
6 - բեմական, սովետական ​​կոմպոզիտորների երգեր, ջազ, օպերետ,
7 - ուսումնական ձայնագրություններ,
8 - օտար երկրների ժողովուրդների երաժշտություն,
9 - «Կռուգոզոր» և «Կոլոբոկ» աուդիո ամսագրեր:

Գլխավոր բաժինը գտնվում էր Մոսկվայում՝ Տվերսկոյ բուլվարում, տուն 24։
Եթե ուշադիր եղար, Կիրովականում նույն համարի տանն է բացվել Մելոդիա խանութը։


⤜ ՄԵՐ ԹԻՄԸ ⤛

  • Վահե Խաչիկյան
    Գաղափարի հեղինակ
  • Լիլիթ Խաչատրյան
    Նախագծի ղեկավար
  • Բախշիկ Հարությունյան
    Նյութի պատրաստման մենթոր
  • Արբակ Սարգսյան
    «Կրեատիվությունը համայնքում» թեմայի դասընթացավար
  • Մարգարիտա Խուդավերդյան
    Նախաձեռնության մենթոր
  • Նարեկ Բեգլարյան
    Նախաձեռնության անդամ
  • Աննա Վարդումյան
    Նախաձեռնության անդամ
  • Մարգարիտա Ջուլհակյան
    Նախաձեռնության անդամ
  • Ասյա Պողոսյան
    Նախաձեռնության անդամ
  • Սարգիս Առաքելյան
    Նախաձեռնության անդամ
  • Անի Քոչարյան
    Նախաձեռնության անդամ
  • Էրիկ Խառատյան
    Նախաձեռնության անդամ
  • Սոֆի Անտինյան
    Նախաձեռնության անդամ
  • Սոնա Գևորգյան
    Նախաձեռնության անդամ
  • Սերյան Ենոքյան
    Նախաձեռնության անդամ
Մուլտիմեդիա նյութը պատրաստվել է ՀԿ Կենտրոնի «Վանաձոր Ինֆոտուն․ Վերաիմաստավորելով» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։
Նյութում արտահայտված տեսակետներն ու կարծիքները հեղինակիներին են և պարտադիր չէ, որ ներկայացնեն ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Շվեդիայի կառավարության և ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի տեսակետները:
Նյութն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը ՀԿ Կենտրոնի Վանաձոր Ինֆոտանը պարտադիր է:
Մշակված է ՀԿ Կենտրոնի Վանաձոր Ինֆոտան կողմից։

⤜ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ⤛

Հղումներ
Կ․ Կոզմոյան – Կիրովական, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1960, էջ 274-275։
«Хайазг» հիմնադրամի հանրագիտարան - Պապյան Մարիետտա, http://ru.hayazg.info


Նկարներ
1 - պատկանում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ին
2 - Արմենպրես պաշտոնական կայքէջ, հեղինակ Մարտին Շահբազյան- ԿԻրովական խանութ «Մելոդիա», 1983,
https://history.armenpress.am/keywords/%C2%AB%D5%B4%D5%A5%D5%AC%D5%B8%D5%A4%D5%AB%D5%A1%C2%BB
3 - ԿԻՐՈՎԱԿԱՆ - ալբոմ ուղեցույց, «Պարբերական» արտադրահրատարակչական միավորում, Երևան, 1989
4 - աշխատարանի ընթացքում ստեղծված նկար
5 - պատկանում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ին
6 - «Хайазг» հիմնադրամի հանրագիտարան - Պապյան Մարիետտա, http://ru.hayazg.info
Հարցազրույցների մասնակիցների անձնական նկարների տեղադրումը թույլատրվել է իրենց իսկ կողմից։

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website