Արահետից արահետ՝
դբա զարգացում

Ծրագրի նպատակն է՝ խթանել Գյուլագարակ (Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո և Վարդաբլուր գյուղերը) և Լոռի Բերդ (Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ և Լոռի Բերդ գյուղերը) խոշորացված համայնքների զբոսաշրջությունը՝ համայնքային ռեսուրսների քարտեզագրման, հզորացման և հանրայնացման միջոցով:

Այս մուլտիմեդիա նյութում կուսումնասիրենք Լոռի Բերդի տարածքում գտնվող ամրոցում 2019 թվականին տեղի ունեցած փառատոնն ու Բագրատունյաց թագավորությունը։

«Բագրատունյաց ժառանգությունը» խորագրով փառատոն (2019)
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմշակութային արգելոցում՝ 2019 թվականի սեպտեմբերի 29-ին, կազմակերպվել է «Բագրատունյաց ժառանգությունը» խորագրով փառատոնը, որին մասնակցել են բազմաթիվ հյուրեր ու պաշտոնյաներ:
Թատերականացված պատմական դրվագներով ներկայացվել են միջնադարյան բերդաքաղաքի ավադույթները, բարքերը. «Բագրատունյաց արքան» ուղեկցել է պատվարժան հյուրերին՝ ներկայացնելով բերդաքաղաքի պատմությունը:
Բագրատունիները հայկական նախարարական տոհմ են և թագավորական հարստություն միջնադարյան Հայաստանում։ Բագրատունիների կամ հին՝ դասական հայերենով (գրաբարով) Բագրատունեաց տոհմն այնքան մեծ դեր է խաղացել Հայոց պատմության մեջ, որ հայոց պատմության հատկապես միջնադարյան ժամանակաշրջանն անհնար է ներկայացնել՝ բացառելով Բագրատունիներին: Այս տոհմն, ինչպես Մեծ Հայքի Հայկազյան նախարարական տոհներից շատերը՝ շատ հին ծագում ունի։ Նրա ծագումնաբանական արմատները Հայոց Պատմության հազարամյակների խորքից են գալիս:
Բագրատունիների ընտանիքը վաղ ավատատիրական շրջանում՝ Արշակունիների թագավորության (66-428) ժամանակ, կարևորագույն տեղ է զբաղեցրել հայոց զորանամակում և գահնամակում։ Արշակունյաց «Գահնամակում» Բագրատունիների տոհմը հիշատակվում է երկրորդը (Սյունյաց նախարարությունից հետո)։ Նրանց է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը, և հաճախ, ըստ իրենց պաշտոնի, անվանվել են Ասպետունի։ Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր։ Մեծ Հայքի Արշակունյաց Թագավորության վերացումից և Իրանի տերության կազմում Հայաստանի մարզպանության ստեղծումից հետո (428) Բագրատունիները աստիճանաբար ընդարձակել են իրենց տիրույթները, Տայք նահանգի սահմաններից անցնելով Այրարատ՝ միացնելով Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով։
Բագրատունիների թագավորությունը հզորացավ Աշոտ Բ Երկաթի օրոք (914-928), որը հռչակվեց շահնշահ հայոց և վրաց: Նրա իշխանությունը ճանաչում էին ոչ միայն հայ իշխանները, այլև՝ Հայաստանում հաստատված արաբական էմիրությունները, Վասպուրականի թագավորությունը, ինչպես նաև 899 թվականին հռչակված Վրաց Բագրատունիների թագավորությունը: Այս վերջինս կազմավորվեց, երբ հայոց Սմբատ Ա արքան (890-914) իր ազգական Ատրներսեհ Բագրատունուն կարգեց վրաց թագավոր: Իսկ վրաց Բագրատունիները սերում են Սպերի հայ Բագրատունիներից: 774 թ. հակաարաբական ապստամբության մասնակից Աշոտ Կույր իշխանի որդի Վասակ Բագրատունին, խույս տալով արաբներից, հաստատվում է Կղարջքում: Հետագայում նրա սերունդները, ընդունելով քաղկեդոնականություն, աստիճանաբար վրացացան: Վրաց Բագրատունիների թագավորությունը հզորացավ հատկապես XII-XIII դարերում՝ Դավիթ Դ Շինարար (1089-1125), Գեորգի Գ (1156-1184) թագավորների և Թամար թագուհու (1184-1213) կառավարման տարիներին: Վրաց Բագրատունիներն ավելի կենսունակ գտնվեցին և մինչև 1801 թ. պահպանեցին իրենց իշխանությունը: Նրանցից է սերում նաև XIX դարի ռուսական բանակի գեներալ Բագրատիոնը:
Հայ Բագրատունիներից արժանահիշատակ է նաև Աշոտ Գ Ողորմածը (954-977), երբ նա աշխարհում նախադեպը չունեցող բարենորոգումներ իրականացրեց Հայաստանում և Հայոց տունը (Բագրատունյաց պետության պաշտոնական անվանումը) 961 թ. դարձրեց դաշնային՝ ֆեդերատիվ պետություն: Աշոտ Գ-ի կառավարման տարիներին ձևավորվեցին Բագրատունյաց մյուս թագավորությունները՝ Կարսի կամ Վանանդի, որտեղ թագավոր հռչակվեց Մուշեղը, այդ պետությունը գոյատևեց մինչև 1054 թ., Լոռվա Կյուրիկյան թագավորությունը, որի առաջին գահակալը Աշոտ Գ-ի որդի Գուրգեն-Կյուրիկե Ա-ն էր (962-990), սա էլ գոյատևեց մինչ 1118 թ.:

Լուսանկարները վերցված են համացանցից
ՀԿ Կենտրոնի տուրիստական ծրագրերի և պրոդուկտների մասին ավելին կարող եք գտնել Արի Լոռի կայքում

Սույն մուլտիմեդիա նյութը պատրաստվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից՝ «Արահետից արահետ՝ դբա զարգացում» ծրագրի շրջանակներում:

Այս մուլտիմեդիա նյութը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

ԿԱՊ
ՀՀ, ք․ Վանաձոր, Խորենացի 6/1
+37491743315
ngoc.csd.ngo@gmail.com
www.ngoc.am
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website