Արահետից արահետ՝
դբա զարգացում

Ծրագրի նպատակն է՝ խթանել Գյուլագարակ (Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո և Վարդաբլուր գյուղերը) և Լոռի Բերդ (Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ և Լոռի Բերդ գյուղերը) խոշորացված համայնքների զբոսաշրջությունը՝ համայնքային ռեսուրսների քարտեզագրման, հզորացման և հանրայնացման միջոցով:

Գյուլագարակ բազմաբնակավայր համայնքը բաղկացած է 7 գյուղական բնակավայրերից։ Այս և մյուս մուլտիմեդիա նյութերում մենք կներկայացնենք բնակավայրերի պատմություններն ու արշավական երթուղիները։

Գյուլագարակի գյուղամիջյան եկեղեցի

Գյուլագարակի եկեղեցի, գտնվում է Գյուլագարակ գյուղի մեջ։ Անունն անհայտ է։ Կառուցվել է 1874 թվականին: Խորհրդային տարիներին ծառայել է որպես ցորենի պահեստ։ Այդ ժամանակ եկեղեցում հրդեհ է եղել, որի ժամանակ պատերը թուլացել են։ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ քանդվում է արևմտյան պատը և եկեղեցու ծածկը։ Եկեղեցին այժմ կիսավեր վիճակում է։

«Տորմակ» եկեղեցի (Տորմակադուռ, VI-րդ դար)
Տորմակ եկեղեցին (V-VI դդ.) գտնվում է Գյուլագարակ գյուղից մոտ երկու կմ հարավ, Տորմակադուռ (Որմակադուռ) ավերակ գյուղատեղիում: Վաղ միջնադարյան Հայաստանում տարածված` արտաքին սրահով միանավ եկեղեցիներից է: Միայն Ստեփանավան քաղաքի մերձակայքում, միմյանցից ոչ մեծ հեռավորությամբ, գտնվում են նման կառուցվածքով մի քանի եկեղեցիներ (Հոբարձի և Սվերդլով գյուղերի Ս. Գևորգ, Գտեվանք, Վարդաբլուրի Ջգրաշեն, Կուրթան), որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում եկեղեցական ճարտարապետության զարգացման պատմության ուսումնասիրության առումով` որպես անցումային օղակ IV-V դդ. ճարտարապետական վաղ ձևերից VII դ. դասական ձևին:
Տորմակ եկեղեցին կիսավեր է: Քանդված են ծածկը, հյուսիսային պատի միջին հատվածը, ավագ խորանը, թափված է երեսպատման քարերի մեծ մասը: Բուտոբետոնե շարվածքը երեսպատված է բազալտի միջին խոշորության սրբատաշ քարերով: Աղոթասրահը ուղղանկյուն հատակագծով, արևելյան խորանով սրահ է` զույգ որմնամույթերով բաժանված երեք մասերի, որին հարավից կից է քառակուսի հատակագծով, արևելյան արտաքին խորանով ավանդատունը: Արտաքին խորանը քանդված է, պահպանվել են ավանդատան խաչվող թաղածածկի հետքեր: Աղոթասրահը երեք կողմից շրջապատված է եղել արտաքին սրահով: Աղոթասրահը և արտաքին սրահը, ըստ շինարարական տեխնիկայի և գործածված շինանյութի, համաժամանակյա կառույցներ են: Արտաքին սրահից պահպանվել է արևմտյան պատը գրեթե ամբողջությամբ, իսկ հարավային և հյուսիսային կողմերում` մոտ երկու-երեք մետր հատվածներ: Սրահը արևմտյան կողմում ուներ կամարակապ մեծ բացվածքով մուտք, որից միայն հետքեր են մնացել: Արտաքին սրահի արևմտյան և հարավային կողմերում, հատակին կան տապանաքարեր: Եկեղեցու արտաքին հարդարանքից պահպանվել են դռան, լուսամուտի կամարակապ պարակալի առանձին մանրամասեր, արևմտյան ճակտոնի հորիզոնական գոտու մաս` զարդարված խորադիր, պայտաձև կամարիկներով:

Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի (Ստեփանավանի դենդրոպարկ), Գյուլագարակ գյուղ

Ստեփանավանի դենդրոպարկը Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերից է։ Այն գտնվում է Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ 35 հեկտար տարածքում տեղակայված է հսկայական անտառային այգի, որից 17.5 հա բնական անտառներ են, իսկ 15 հա զբաղեցնում են աճեցված դեկորատիվ բույսերը: Այցելուները այստեղ կարող են լիովին վայելել հեքիաթային գեղեցիկ բնությունը և հիանալ բազմաթիվ յուրահատուկ ծառերով: Հազվագյուտ տնկիները հաճախ ձեռք էին բերվում փոխանակման եղանակով․ Ստեփանավանի Դենդրոպարկը համագործակցում էր Թբիլիսիի, Մոսկվայի, Կիևի և այլ քաղաքների հետ: Երկար տարիների ընթացքում բուսաբանները փորձել են այստեղ աճեցնել մինչև 2500 տարբեր բույսերի տեսակներ: Այնուամենայնիվ, արդյունքում միայն մոտ 500 տեսակ կարողացան հարմարվել լեռնային Հայաստանի պայմաններին: Կախարդական անտառի նման այս գեղատեսիլ կանաչ այգին կատարյալ է ընտանեկան այցելությունների համար տարվա ցանկացած եղանակին, քանի որ ամեն եղանակ իր ձևով «զարդարում» է այս տարածաշրջանի շքեղ բնությունը:
«Գտեվանք» եկեղեցի (VI-XVII դարեր)
Կուրթան և Վարդաբլուր համայնքների միջև, ճամփեզրին մոտ տարածքում դեռևս կանգուն են Գտեվանք ավերված եկեղեցու հիմնապատերը: Պահպանված են եկեղեցու որմնաշարերի ստորին հատվածները, կառույցի շարվածքից հանված են արտաքին երեսաքարերը, պատերը կանգուն են՝ ամրակուռ կրաշաղախի շնորհիվ: Եկեղեցին իր ավերված վիճակով էլ ունի հպարտ կեցվածք: Շինության մնացորդներից երևում է, որ կառույցը վերարտադրվել է Կուրթանի եկեղեցու հորինվածքի փոքրացված չափերով: Եկեղեցին սրահավոր միանավ թաղակապ դահլիճ է՝ հարավային կողմին կից ավանդատնով, որի արևմտյան պատն արտաքուստ ունի կիսաշրջանաձև խորան: Գտեվանքի եկեղեցու աղոթասրահը երկայնական ուղղությամբ ավելի քիչ է ձգված: Ինչպես երևում է հյուսիսային պատին պահպանված որմնամույթի հետքերից, դահլիճը ծածկի միջին մասում ուժեղացված է եղել թաղակիր կամարով: Ավանդատան մուտքը բացվում է աղոթասրահի բեմառաջքից, որը ծածկված է եղել կիսագլանաձև թաղով և արևելյան պատը խորանի փոխարեն ուեցել է ուղղանկյուն խորշ: Արտաքին սրահի գոյության մասին, բացի խորանից, վկայում են եկեղեցու արևմտյան պատի երեք պահունակները և արևմտյան կողմում գտնվող պատերի մնացորդները: Աղոթասրահն ունեցել է երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերից, որոնք, ինչպես երևում է հետքերից, եզերված են եղել կամարակապ պարակալներով: Պահպանվել է արևմտյան ճակտոնի հորիզոնական գոտու մի քար՝ շեշտված պայտաձևություն ունեցող կամարիկներով, որից ենթադրելի է, որ Գտեվանքն իր հարդարանքով ևս ընդհանրացել է Կուրթանի եկեղեցու հետ: Եկեղեցու հարավային մասում տարածվում է միջնադարյան փոքրիկ գերեզմանոցը՝ պահպանված մոտ մեկ տասնյակ տապանաքարերով:
«Սբ. Աստվածածին եկեղեցի» (VI դարեր)
Կուրթանի միանավ բազիլիկ եկեղեցին (Vդ.) գտնվում է համայնքի կենտրոնական մասում: Այն երկթեք կտուրով թաղակապ սրահ է: Եկեղեցին ունի պայտաձև խորան, իսկ արևելք-արևմուտք ձգվող սրահի չափերը կազմում են 12.80 x 5.25մ: Հարավային կողմում առկա է քառակուսի հատակագծով ավանդատուն, և ընդհանուր պատից երևում է, որ այն կառուցվել է եկեղեցու հետ միաժամանակ: Կիսաշրջանաձև խորանի մուտքը բեմառաջքից է և լուսավորվում է ինչպես արևելյան, այնպես էլ հարավային պատերի մեկական պատուհաններից:

Եկեղեցու կիսագլանաձև թաղը ուժեղացված է ուղղանկյուն որմնամույթերից բարձրացող զույգ կամարներով:
Մուտքերը երեքն են` արևմտյան հարավային և հյուսիսային:
Արևմտյանը գտնվում է երկայնական առանցքի վրա, իսկ հարավայինը և հյուսիսայինը շեղված են իրարից ու որմնամույթերի միջնագծից:
Եկեղեցու սրահը լուսավորվում է վաղ միջնադարին հատուկ մեծ բացվածքներ ունեցող ութ պատուհաններով, որոնք դեպի ներս լայնանում են: Բոլոր մուտքերն ու պատուհաններն սկզբնապես ունեցել են պսակներ (չեն պահպանվել հյուսիսային մուտքինը և հարավային ճակատի արևելյան պատուհանինը): Մուտքերի պսակները իրենց զույգ գոտիներով եզերում են ճակատաքարերը: Արևմտյան մուտքի պսակի վերին գոտին պատած է եռանկյունաձև ատամիկներով, իսկ հարավայինը՝ պայտաձև կամարիկներով:
Եկեղեցուց 6 մ դեպի հարավ, արևմտյան ճակատին հավասար գծով, քառակուսի հիմքի չորս սյուների վրա տեղադրված է բարձր պատվանդանով բազալտե զանգաշտարակ, որը կառուցվել է ավելի ուշ ժամանակաշրջանում: Եկեղեցու շրջակայքում է գտնվում գերեզմանոցը, որտեղ հանդիպում ենք XII-XVIII դդ. տապանաքարերի:
«Հնեվանք» վանական համալիր (Կուրթան)
Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ ամեն քայլափոխին բացահայտում ես նորն ու չկրկնվողը։ Այստեղ ամեն մարզ յուրահատուկ է։ Եվ այդ բոլոր յուրահատուկների մեջ առանձնանում է Լոռին, որ հիրավի մի առանձին «երկրային դրախտ» է, ինչպես բնութագրում է Ալ․ Շիրվանզադեն։ Այն գեղեցիկ է ոչ միայն իր բնությամբ, այլև պատմաճարտարապետական հուշարձանների առատությամբ, որոնք շռայլ հոգու և հուժկու բազուկների հոյակապ կերտվածքներ են։ Դրանցից մեկն է Հնեվանքը։ Կուրթանի ձորում ծվարած վանքը գտնվում է Ձորագետ-Ստեփանավան ճանապարհից ոչ հեռու։ Այն բաղկացած է երեք եկեղեցիներից, գավթից, տնտեսական և օժանդակ շինություններից։ Դրանցից շատերը ներկայումս ավերակ վիճակում են, մնացածից էլ մնացել են չնչին մնացորդներ։ Սակայն կիսավեր վանքը չի կորցրել իր վեհությունը։ Դեռ հեռվից զգում ես վանքից փոխանցվող էներգիան, որ միաձուլվելով բնության հետ շուրջդ ներդաշնակություն է ստեղծում։
Ըստ ժողովրդական ավանդազրույցի` «Ջիգր – ջգրու» նշանակում է սրտնեղած, այսինքն` այս արտահայտության միջոցով փորձ է կատարվում որոշակիորեն վերլուծելու ինչպես շարքային, այնպես էլ համայնքային բնույթի փոխհարաբերությունները, որն էլ ժամանակի ընթացքում իր արտացոլումն է գտել կառուցապատման բնագավառում:
«Ջգրաշեն» եկեղեցի (V-VI դարեր) (Վարդաբլուր)
Հորինվածքը բաղկացած է արևելյան կիսաշրջանաձև հատակագծով և պայտաձև կամարով խորանով ավարտվող դահլիճից (5,6 x 13,17 մ), նրա հյուսիս-արևելյան կողմում գտնվող ավանդատնից, իսկ հարավ-արևելքից` բաց աբսիդից: Եկեղեցին կառուցված է սրբատաշ բազալտից: Որմնապատերը վեր են խոյանում երկաստիճան որմնախարսխի վրա։ Ցավոք, ծածկը չի պահպանվել։ Ավանդատունը ծածկված է խաչվող թաղերով, ունի աբսիդ և միակ դուռը բացվում է աղոթասրահի բեմառաջքից: Արևմտյան պատին արտաքուստ առկա է կիսաշրջանաձև հատակագծով ևս մի աբսիդ: Եկեղեցին ունի 3 մուտք՝ երկայնական պատերում և արևմտյան հատվածում։ Հարավային պատի լուսամուտի վրա կան խաղողի որթեր` եռաթերթ և բազմաթերթ տերևներով։ Արտաքին պատերի շարվածքում պահպանված են կենդանիների քանդակներ (խոյի գլուխ, եղջերու…), իսկ բազալտե պահունակները
նախատեսված են ծածկը կրելու համար: Նման քանդակները իրապես բացառիկ են Հայաստանի վաղ միջնադարյան շինությունների համապատկերում:
Ջգրաշեն եկեղեցին արժեքավոր է նաև իր զարդաքանդակներով:
Քանդակազարդ պահունակների նմանօրինակ ոճը եզակի երևույթ է հայ ճարտարապետության վաղ միջնադարյան հուշարձանների շարքում:
Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի (Ամրակից)
Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի կառուցվել է տարբեր տվյալներով 1848թ.-ին կամ 1879թ,-ին Նիկոլայեվկա գյուղի ուղղափառ ռուս բանկիչների համար: Եկեղեցին վերակառուցվել է 1910-1914թթ.-ի ընթացքում և գործել է մինչև 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարջը: Ներկայաումս եկեղեցին գտնվում է վթարային վիճակում: Հեթիաթային տնակ հիշեցնող այս ճարտարապետկան կոթողը հանարապետական նշանակության հուշարձաններից մեկն է:

Սուրբ Հովհաննես եկեղեցի (Գարգառ)

Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար է, որը կառուցվել է 1905-1907 թթ.։ ՀՀ Կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 49-Ն որոշմամբ ընդգրկվել է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում»:

Կառուցել են հույն վարպետները գյուղի հայ վարպետների հետ միասին։ Եկեղեցին կառուցվել է գյուղի հասարակության միջոցներով։ Եկեղեցու զանգը բերվել է Ռուսաստանի Տուլա քաղաքից, այն պահպանվում է մինչ օրս։ Եկեղեցին երկրաշարժից հետո կանգուն է մնացել և այժմ այն գործում է։ Ժամանակին չեն պահպանվել եկեղեցական շատ հարստություններ, սրբանկարներ, գրքեր:
Գյուղի առաջին քահանա է օծվել Մկրտիչ Հովակիմի Տեր-Մովսիսյանը, ով մինչ քահանա օծվելը սովորել և ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Նա քահանա է եղել 1907 թ.-ից մինչև 1925 թ։ Նրա գործունեության հիմնական նպատակը եղել է գյուղի բնակչության պաշտպանությունը թուրք ելուզակների հարձակումներից։
Հոբարձի գյուղի եկեղեցի


Գյուղում պահպանվել է V - VI դարերի սրահավոր, միանավ թաղածածկ դահլիճի տիպի Սուրբ Աստվածածին եկեղեցու կանգուն պատերը։ Թաղը ուժեղացված է ուղղանկյուն կտրվածքով որմնասյուներին հենվող զույգ թաղակիր կամարներով։ Հարավից կից է ուղղանկյուն հատակագծով խորանավոր ավանդատունը (պահպանվել են հետքերը), որի մուտքը բեմառաջքից է։
Աղոթասրահը երեք կողմից (բացի արևելյան) եզերվել է արտաքին սրահով, որից պահպանվել են երբեմնի փայտաշեն ծածկի հենարան պահունակները (հյուսիսային և հարավային որմերին)։ Սրահի երկայնական թևերը արևելքում ավարտվել են բաց խորանով։ Եկեղեցին ունեցել է երեք մուտք՝ հարավային, արևմտյան և հյուսիսային (վերջին երկուսը, ինչպես և ավանդատան մուտքը այժմ փակ են)։ Պահպանվել է հյուսիսային շքամուտքի 3/4 որմնասյուները՝ կիսաշրջանաձև բարավորն ընդգրկող որմնակամարով (ավարտվել է ճակտոնով)։ Արևմտյան որմնասյան խոյակը ձևավորված է պայտաձև կամարիկների շարքով։ Հոբարձին հիմնովին վերակառուցվել է XIX դարում՝ կորցնելով սկզբնական տեսքը։
Պուշկինո գյուղի մատուռ
Պուշկինո գյուղը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Ձորագետի աջակողմյան Գարգառ վտակի ափին։ Պուշկինո է վերանվանվել 1937 թ. փետրվարի 14-ին։


Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 15 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Պուշկինոյում պահպանվել են միջնադարյան եկեղեցու կանգուն մնացորդներ:
ՀԿ Կենտրոնի տուրիստական ծրագրերի և պրոդուկտների մասին ավելին կարող եք գտնել Արի Լոռի կայքում

Սույն մուլտիմեդիա նյութը պատրաստվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից՝ «Արահետից արահետ՝ դբա զարգացում» ծրագրի շրջանակներում:

Այս մուլտիմեդիա նյութը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

ԿԱՊ
ՀՀ, ք․ Վանաձոր, Խորենացի 6/1
+37491743315
ngoc.csd.ngo@gmail.com
www.ngoc.am
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website