Արահետից արահետ՝
դբա զարգացում

Ծրագրի նպատակն է՝ խթանել Գյուլագարակ (Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո և Վարդաբլուր գյուղերը) և Լոռի Բերդ (Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ և Լոռի Բերդ գյուղերը) խոշորացված համայնքների զբոսաշրջությունը՝ համայնքային ռեսուրսների քարտեզագրման, հզորացման և հանրայնացման միջոցով:

Գյուլագարակ բազմաբնակավայր համայնքը բաղկացած է 7 գյուղական բնակավայրերից։ Այս և մյուս մուլտիմեդիա նյութերում մենք կներկայացնենք բնակավայրերի պատմություններն ու արշավական երթուղիները։

«Եկեղեցիներ և լճեր» հեծանվային երթուղի

Երթուղու կատեգորիա. հեծանվային

Երկարություն. 22.3 կմ

Երթուղու տեսակ. շրջանաձև

Միջին տևողություն. 2 ժամ

Բարդության աստիճան. միջին

Բարձրություններ (նվազագույն, միջին, առավելագույն). 1288 / 1337 / 1413 մ

Բարձրության ավելացում / նվազում. / 295 մ / - 295 մ

Երթուղու մակերես. լավ

Առավելագույն թեքություն. 9.4 % - 12.0 %

Միջին թեքություն. 2.3 % - 2.5 %

Երթուղու նկարագրություն
Երթուղին սկիզբ է առնում Գյուլագարակ համայնքի կենտրոնից՝ անցնելով Գյուլագարակի 19-րդ դարի կիսավեր, գեղեցիկ եկեղեցու մոտով, որից հետո անցնում եք Գարգառ գետն ու լքում գյուղը։ Հաջորդ 1.7 կմ-ը հեշտ վերելք է գողտրիկ ծառուղու երկայնքով՝ դեպի 5-6-րդ դարերի Տորմակ եկեղեցին, որից հետո անցնում եք մեկ այլ՝ «Տորմակադուռ» կոչվող հնավայրով և հին գերեզմանոցով։ Ողջ ճանապարհին կտեսնեք գեղեցիկ լանդշաֆտներ և սարեր։ Որոշ ժամանակ Տորմակ գետի կողքով հեծանիվ վարելով կվերադառնաք Գյուլագարակ. շարունակեք ճանապարհը դեպի Վարդաբլուր համայնք՝ մեծ ջրավազաններով, կամ, ինչպես տեղացիներն են անվանում դրանք՝ «լճերով»։ Հանկարծ բաց չթողնեք Մեծն Կոմիտասի արձանը ճամփեզրին. նա այստեղ է լսել ու նորովի կյանք հաղորդել հին հայկական «Հորովել» երգին։ Վարդաբլուրի հիմնական գրավչություններից «Լճերը» հրավիրում են ձեզ դադար առնել, շունչ քաշել կամ մի բան ուտել լճափնյա մեծ ծառերի շվաքում, եթե ուզեք։ Սակայն, նախքան լճափին կանգ առնելը դեռևս երկու պատմամշակութային վայր ունեք այցելելու՝ 19-րդ դարի Սբ. Աստվածածին եկեղեցին և լճերից ամենամեծի կողքին գտնվող 12-րդ դարի Սբ. Խաչ մատուռը։ Երթուղու հաջորդ այցելավայրը 6-րդ դարից մեզ հասած Գտեվանքն է, որից հետո ուղևորվում եք դեպի Ձորագետի աննման կիրճի վրա վեր խոյացող սարահարթին միայնակ կանգնած, 6-րդ դարի կիսավեր Ջգրաշեն եկեղեցին։ Այս բոլոր գեղեցիկ վայրերն այցելելուց հետո արդեն կարող եք վերադառնալ դեպի երթուղու սկզբնակետ։

«Կուրթանի կիրճ» հեծանվային երթուղի
Երթուղու կատեգորիա. հեծանվային
Երկարություն. 17.3 կմ
Երթուղու տեսակ. հիմնականում գծային
Միջին տևողություն. 2 ժամ
Բարդության աստիճան. միջին
Բարձրություններ (նվազագույն, միջին, առավելագույն). 1024 / 1224 / 1298 մ
Բարձրության ավելացում / նվազում 618 մ / - 618 մ

Երթուղու մակերես. լավ
Առավելագույն թեքություն. 28.1 % - 28.6 %

Միջին թեքություն. 6.1 % - 6.2 %

Երթուղու նկարագրություն
Երթուղին սկիզբ է առնում Կուրթան համայնքի կենտրոնից՝ ուղղվելով նախ դեպի բարձրադիր այն հրվանդանի դիտակետը, որի վրա է գտնվում Կուրթան գյուղը։ Այստեղից շատ լավ երևում են Կուրթանի հրաշագեղ ժայռոտ կիրճն ու Ձորագետ և Գարգառ գետերի միախառնման վայրը, ինչպես նաև՝ 7-12-րդ դարերում կառուցված Հնեվանքը։ Հաջորդ կանգառը կլինի դիտակետից մոտ 500 մետրի վրա գտնվող 5-6-րդ դարերի Սբ. Աստվածածին եկեղեցին։ Չմոռանաք զննել եկեղեցու հյուսիս-արևելյան կողմում գտնվող հսկայական և հանելուկային տապանաքարը։ Եթե որոշեք մոմ վառել, սակայն դուռը փակ լինի, մի քիչ սպասեք, մինչև եկեղեցու սպասավորուհին կմոտենա և կբացի այն ձեզ համար։ Հաջորդիվ մոտ 4 կմ վերընթաց ճանապարհ է, ոչ դժվար, որին կհաջորդի ևս 4 կմ վայրէջք դեպի բնության հուշարձան հանդիսացող Ցիցքարն ու շուրջը ստեղծված Փեգսթոուն կոչվող ծառատնակներով հանգստավայրը։ Այստեղ դուք մեկ այլ դիտանկյունից՝ թռչնի թռիչքի բարձրությունից կտեսնեք Հնեվանքը։ Եթե որոշեք մագլցել դեպի Ցիցքար ժայռի գագաթ՝ հեծանիվները պիտի թողնեք տակն ու շատ զգուշորեն մագլցեք։ Երթուղու հաջորդ կանգառն արդեն Հնեվանքում է, որտեղ կարող եք հանգստանալ վերադարձից առաջ։ Չնայած այն բանին, որ վերադառնալու եք նույն ճանապարհով, միևնույն է չեք հասցնի ձանձրանալ, քանի որ երթուղին լի է աննկարագրելի գեղեցիկ տեսարաններով և դուք հեշտությամբ կհաղթահարեք վերջին 4 կմ վերելքն ու կավարտեք ճամփորդությունը Կուրթանի այն նույն կետում, որտեղից սկսել էիք։

«Գյուղական ուխտագնացություն» քայլարշավային երթուղի

Երթուղու կատեգորիա. Քայլարշավային, թռչնադիտման, հեծանվային, ձիարշավային, ձնակոշիկային

Երկարություն. 13.1 կմ վերադարձով

Երթուղու տեսակ. հիմնականում գծային

Միջին տևողություն. 4.5 ժամ

Բարդության աստիճան. միջին

Բարձրություններ (նվազագույն, միջին, առավելագույն). 1367 / 1461 / 1572 մ

Բարձրության ավելացում / նվազում. 400 մ / - 400 մ

Երթուղու մակերես. դժվարանցանելի

Առավելագույն թեքություն. 14.7 % - 14.6 %

Միջին թեքություն. 5.8 % - 6.0 %

Երթուղու նկարագրություն
Երթուղին սկիզբ է առնում Պուշկինո փոքրիկ համայնքի կենտրոնից և տանում է ձեզ դեպի հարևան Ամրակից գյուղում գտնվող, 19-րդ դարում կառուցված, կիսավեր «Սբ. Նիկոլայ Հրաշագործ» եկեղեցին։ Այն անցնում է Արջասար լեռան լանջերին սփռված հացահատիկի գեղեցիկ դաշտերով, խաչվում լեռնային աղմկոտ առուների ու գետակների հետ, որոնց երկայնքով ծառերի ու թփուտների կղզյակներ են խմբված։ Չնայած այն բանին, որ այս երկու համայնքներն էլ բավականին փոքր են, երկուսն էլ հարուստ են դեռևս լավ չուսումնասիրված հնավայրերով, որոնց այս կամ այն հատվածները դուք հնարավոր է տեսնեք քայլարշավի ժամանակ, եթե մի քիչ ավելի ուշադիր լինեք։ Նաև՝ երկու գյուղերում էլ ռուսական մշակույթի հստակ նշմարելի հետքեր կան, քանի որ դրանք հիմնականում ռուսազգի բնակչություն ունեն, դեռևս վաղ անցյալից։ Այս երթուղին գծվել է այն նկատառումով, որպեսզի ձեզ օգնի մի փոքր հանգստանալ քաղաքակրթությունից ու դրա աղմուկից, այնպես որ տրամադրվեք լիարժեք հանդարտեցնող փորձառության՝ կիսավայրի տեղանքով մոտ 10 կմ-անոց քայլարշավի ընթացքում։ Ռուսական եկեղեցի այցից հետո ճանապարհը կտանի ձեզ դեպի Ձորագետի ավելի քան 50 մետր խորությամբ կիրճի եզրը, որտեղ ձեզ է սպասում երկու ծառերի արանքում դրված, դեպի կիրճի այն կողմում գտնվող Լոռի Բերդն ու բնակավայրը նայող գողտրիկ նստարանը՝ դադար առնելու, մի փոքր շունչ քաշելու համար։ Ետդարձի ճանապարհին, դեռևս Ամրակիցում գտնվելով, անպայման փորձեք մտնել նորակառույց հանգստավայրը, որտեղ մի գեղեցիկ լճակ կա (գուցե մուտքը վճարովի լինի, սակայն հնարավոր է ձեզ պարզապես հրավիրեն ներս)։ Այստեղից հետո արդեն ետդարձի ժամանակն է, դեպի այն կետը, որտեղից սկսել եք ճամփորդությունը։

«20-րդ դարից մինչև Բրոնզե դար» քայլարշավային երթուղի
Երթուղու կատեգորիա. Քայլարշավային, հեծանվային, ձիարշավային
Երկարություն. 4.6 կմ ետդարձով
Երթուղու տեսակ. գծային
Միջին տևողություն 1 ժամ 45 րոպե
Բարդության աստիճան. միջին
Բարձրություններ (նվազագույն, միջին, առավելագույն). 1406 / 1460 / 1541 մ
Բարձրության ավելացում / նվազում 173 մ / - 173 մ

Երթուղու մակերես. դժվարանցանելի
Առավելագույն թեքություն. 19.4 % - 19.7 %
Միջին թեքություն. 7.0 % - 7.1 %
Երթուղու նկարագրություն
Երթուղին սկիզբ է առնում Գարգառ համայնքի կենտրոնից։ Սա մի հետաքրքիր, կարճ ու դյուրին քայլարշավ է, որը ձեզ ետխորհրդային շրջանի Հայաստանին բնորոշ միջավայրից կտեղափոխի 20-րդ դար՝ Սբ. Հովհաննես եկեղեցի այցելելուն պես, քանի որ այն կառուցվել է 20-րդ դարում, հայ և հույն վարպետների ձեռքերով։ Եկեղեցուց հետո ձեզ սպասվում է մոտ 1.5 կմ-անոց վերելք մինչև բլրի գագաթը, որտեղ դուք կտեսնեք մ.թ.ա 3-2-րդ հազարամյակների բրոնզեդարյան կիկլոպյան ամրոցի ավերակներ՝ շուրջբոլորը բացվող գեղատեսիլ բնապատկերներով, որոնք վերջին 40 դարերի ընթացքում գրեթե չեն փոխվել։ Եթե որոշ ժամանակ շրջեք ամրոցի ավերակներով, գուցե նույնիսկ նկատեք հսկա, քիչ թե շատ ուղղանկյուն քարեր, կանոնավոր խմբերով։ Հնադարյան մարդիկ սիրում էին քարեր տեղաշարժել, սակայն ոչ միայն. նրանք բավականին բարդ կենցաղային իրեր, զենքեր ու այլ բաներ էին պատրաստում, որոնք այժմ թանգարաններում են։ Եթե արդեն տեսել եք դրանք, ապա մի պահ փակեք ձեր աչքերն ու փորձեք պատկերացնել այդ հին մարդկանց առօրյան։ Երբ զգաք, որ արդեն բավականաչափ ճամփորդեցիք ժամանակի մեջ ու վայելեցիք գեղեցիկ տեսարանները, կարող եք վերադառնալ երթուղու սկզբնակետ, այն նույն ճանպարհով, որով եկել եք։

«Սրբավայրեր և ծառեր» քայլարշավային երթուղի

Երթուղու կատեգորիա. քայլարշավային, հեծանվային, ձիարշավային

Երկարություն. 9.76 կմ ետդարձով

Երթուղու տեսակ. խառը գծային ու շրջանաձև

Միջին տևողություն. 3 ժամ 10 րոպե

Բարդության աստիճան. հեշտ

Բարձրություններ (նվազագույն, միջին, առավելագույն). 1350 / 1410 / 1512 մ

Բարձրության ավելացում / նվազում. 217 մ / - 217 մ

Երթուղու մակերես. լավ

Առավելագույն թեքություն. 15.1 % - 15.0 %

Միջին թեքություն. 4.0 % - 4.5 %


Երթուղու նկարագրություն
Երթուղին սկիզբ է առնում Գյուլագարակ համայնքի կենտրոնից՝ անցնելով Գյուլագարակի 19-րդ դարի կիսավեր, գեղեցիկ եկեղեցու մոտով, որից հետո անցնում եք Գարգառ գետն ու լքում գյուղը։ Հաջորդ 1.7 կմ-ը հեշտ վերելք է գողտրիկ ծառուղու երկայնքով՝ դեպի 5-6-րդ դարերի Տորմակ եկեղեցին, որից հետո կքայլեք մոտ 400 մետր ձգվող գեղեցիկ ծառուղով, մինչև հասնեք այնտեղ, որտեղ պիտի զգուշորեն անցնեք ճանապարն ու քայլեք դեպի «Սոճուտ» Դենդրոպարկ։ Այն կրում է Էդմոն Լեոնովիչի անունը, ով 1931-ին հիմնադրել է այգին։ Դենդրոպարկի տարածքը 35 հեկտար է, որից 17.5-ը բնական անտառներ են, իսկ 15-ը՝ դեկորատիվ ծառեր։ Չնայած այգու ոչ շատ մեծ չափսերին, այնտեղ կարելի է ժամեր անցկացնել, վայելել թարմ ու բուրավետ օդը, հանգստանալ և ուսումնասիրել տարածքը, որտեղ գուցե նաև կգտնեք այնպիսի ծառեր, բույսեր, որ մինչ այդ երբեք չէիք հանդիպել։ Այգուց վերադառնալիս երթուղին անցնում է ճանապարհի աջ կողմում, գետից այն կողմ գտնվող «Տորմակադուռ» կոչվող հնավայրով։ Այն ավերված հին բնակավայր է, որ մերձակա հին գերեզմանոցի հետ միասին անմիջական կապ ունի Տորմակ եկեղեցու հետ։ Ողջ ճանապարհին կտեսնեք գեղեցիկ լանդշաֆտներ ու սարեր։ Որոշ ժամանակ Տորմակ գետի կողքով հեծանիվ վարելով կվերադառնաք Գյուլագարակ, որտեղ էլ կավարտվի ճամփորդությունը, քայլքի մեկնարկի վայրում։

«Քամին որսալով» քայլարշավային երթուղի
Երթուղու կատեգորիա. քայլարշավային, թռչնադիտման, հեծանվային, ձիարշավային, ձնակոշիկային
Երկարություն. 8.46 կմ, միակողմանի
Երթուղու տեսակ. գծային
Միջին տևողություն. 4 ժամ 30 րոպե
Բարդության աստիճան. բարդ
Բարձրություններ (նվազագույն, միջին, առավելագույն). 1473 / 1723 / 2038 մ
Բարձրության ավելացում / նվազում. 639 մ / - 127 մ

Երթուղու մակերես. դժվարանցանելիԱռավելագույն թեքություն. 33.1 % - 18.9 %
Միջին թեքություն. 10.03 % - 5.1 %

Երթուղու նկարագրություն
Երթուղին սկիզբ է առնում Պուշկինո փոքրիկ համայնքի կենտրոնից՝ շարժվելով դեպի Բազումի լեռնաշղթայի արևելյան կողմում, ծովի մակերևույթից 2038 մետր բարձրության վրա գտնվող Պուշկինի լեռնանցք։ Ճանապարհն անցնում է գեղեցիկ դաշտերով, խաչվում Գարգառ գետի 4 մեծ վտակների հետ, որոնց ողջ երկայնքով, խմբերով ծառերի ու թփերի կղզյակներ են։ Դուք կանցնեք Խոտհարք բլրի մոտով, Մեծտուն լեռան ստորոտով, կվայելեք Գյուլագարակի լեռնաշղթայի տեսարաններն ու «Սոճուտ» Դենդրոպարկի սոճու կանաչ անտառները։ Նաև մի քիչ քամի կորսաք այն հսկա հողմապտուտակների մոտ, որոնք կանգնեցվել են Հայաստանում վերականգնվող էներգառեսուրսների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հայ-իրանական մի նախաձեռնության ջանքերով։ Այս երթուղին երկօրյա վրանային արշավի մի մասն է կազմում, ուստի այն ավարտվում է մի իմպրովիզացված վրանատեղիում, որը, դյութիչ քամիներից բացի, նաև հարուստ է ապշեցուցիչ գեղեցիկ տեսարաններով։ Վրանատեղիից ոչ հեռու սառնօրակ խմելու ջրի աղբյուր կա, որի կողքին Խորհրդային միության տարիներից մնացած, կիսավեր սյուրռեալիստական մի շենքի ավերակ է. այն կառուցվել է ի հիշատակ այն պատմական իրադարձության, երբ 1829 թվականի հունիսի 21-ին ռուս գրող Ալեքսանդր Պուշկինը էրզրում ճանապարհորդելիս այստեղ հանդիպել է ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի աճյունը սայլով Իրանից Թբիլիսի տեղափոխողներին։ Այս երթուղին կարճ չէ, ուստի նախապես անպայման ճշտեք մայրամուտի ժամը, որպեսզի վրանատեղի հասնեք մինչև մութն ընկնելը։

«Փափուկ վայրէջք»
քայլարշավային երթուղի
Երթուղու կատեգորիա. քայլարշավային, թռչնադիտման, հեծանվային, ձիարշավային, ձնակոշիկային
Երկարություն. 8.37 կմ, միակողմանի
Երթուղու տեսակ. գծային
Միջին տևողություն 2 ժամ 45 րոպե
Բարդության աստիճան. միջին
Բարձրություններ (նվազագույն, միջին, առավելագույն). 1354 / 1543 / 1994 մ
Բարձրության ավելացում / նվազում. 26.2 մ / - 660 մ

Երթուղու մակերես. դժվարանցանելի

Առավելագույն թեքություն. 12.8 % - 35.5 %
Միջին թեքություն. 2.5 % - 8.5 %

Երթուղու նկարագրություն

Վրանատեղիում գիշերակացով երկօրյա արշավի մի մասը հանդիսացող այս երթուղին սկիզբ է առնում Պուշկինի լեռնանցքի մոտ գտնվող վրանատեղիից, հսկա հողմապտուտակներից ոչ հեռու, և շարժվում է դեպի Գյուլագարակ համայնք։ Քայլարշավի ամենասկզբում դուք կարող եք վրանատեղիի բարձունքից տեսնել շրջակայքի գրեթե բոլոր լեռնաշղթաներն ու Կուրթանի սարահարթը։ Ճանապարհին դուք կանցնեք սոճու չնաշխարհիկ անտառներով, որոնք «Սոճուտ» Դենդրոպարկի կանաչ գոտու շարունակությունն են հանդիսանում, կշնչեք Տորմակ գետի վտակ Քարհանքջուր գետակից եկող թարմ օդը։ Ճանապարհին ձեզ փառահեղ տեսարաններով հերթով կուղեկցեն Թամբասար, Փոցխասար, Շատեր և Օվեսիքար լեռները՝ հոգալով, որպեսզի ձեր աչքերն անընդմեջ խրախճանք վայելեն։ Այս երթուղին սահուն, դյուրին վայրէջքով քայլարշավի յուրահատուկ փորձառություն է պարգևում, մոտ 8.5 կմ երկարությամբ, որը կամփոփվի 5-6-րդ դարերի կիսավեր Տորմակ եկեղեցի և Գյուլագարակի 19րդ դարի եկեղեցի այցելությամբ։ Երթուղին ավարտվում է Գյուլագարակ համայնքի կենտրոնում։

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՄԱՍԻՆ
ՀԿ Կենտրոնի տուրիստական ծրագրերի և պրոդուկտների մասին ավելին կարող եք գտնել Արի Լոռի կայքում

Սույն մուլտիմեդիա նյութը պատրաստվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից՝ «Արահետից արահետ՝ դբա զարգացում» ծրագրի շրջանակներում:

Այս մուլտիմեդիա նյութը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

ԿԱՊ
ՀՀ, ք․ Վանաձոր, Խորենացի 6/1
+37491743315
ngoc.csd.ngo@gmail.com
www.ngoc.am
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website